ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ է փոխանցել որպես օգնություն ԼՂ վերջին զինված հակամարտության գոտում տարածքներն ականազերծելու համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՄԱԿ–ի զարգացման ծրագրին փոխանցված միջոցները կօգնեն ականազերծման և ականների հայտնաբերման մասնագետների ուսուցման հարցում։
Եվրոպայի և Ամերիկայի գործերով Մեծ Բրիտանիայի պետական նախարար Վենդի Մորթոնի խոսքով` բրիտանական նվիրաբերությունը կուղղվի ՄԱԿ–ի փորձն օգտագործելուն և քաղաքացիական բնակչության համար ուսուցման և ականազերծման հարցում տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով վտանգի նվազեցմանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: