ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կյանքը ցույց կտա, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի շահերի տեսանկյունից ավելի առաջնահերթ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը` վերլուծելով Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հնչած տնտեսական թեմաները։
Ашот Тавадян
© Sputnik / Andranik Ghazaryan
Սերգեյ Լավրովի հիշատակած ռուսաստանյան ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ Աշոտ Թավադյանը պայմանավորում է ոչ միայն զուտ տնտեսական, այլև քաղաքական ու նույնիսկ սոցիալական խնդիրներով։ Բացի այդ, ըստ նրա, սովորույթի ուժով Հայաստանում շարունակում են գործել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները` կապված ՌԴ–ից ներկրվող հումքի, էներգակիների և ԵԱՏՄ–ի անդամությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանից ՌԴ արտահանմանը, որն այս տարվա առաջին կիսամյակում պաշտոնական տվյալներով աճել է 35 տոկոսով, Թավադյանի մեկնաբանմամբ` դա հիմնականում վերականգնողական աճ է ու պայմանավորված է գունավոր մետաղների գների բարձրացմամբ։ Արդյունքում միայն գունավոր մետաղների արտահանումն աճել է 47 տոկոսով։ «Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ Ռուսաստանում վերականգնողական աճն ավելի արագ տեմպերով է կատարվում, քան Հայաստանում, և այստեղ մենք որոշակի պլյուս ունենք»,– ասաց Թավադյանը։
Ռուսաստանցի գործարարներին էլ, նրա համոզմամբ, հայաստանյան շուկայում գրավում են էժան աշխատուժն ու ռուսաց լեզվին տիրապետող աշխատակիցները։
«Այս խնդիրներով է հիմանակում պայմանավորված, որ Ռուսաստանն այստեղ ավելի մեծ ներդրումներ է անում, քան այլ երկրներում,– ասաց Թավադյանը,– եթե դու այս փոքր երկրում քո ապրանքն արտադրում ես, ապա կարող ես արտահանել Ռուսաստան ու միության անդամ այլ երկրներ` առանց մաքսատուրքերի»։
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև դեռևս չլուծված խնդիրներին, դրանցից, որպես առաջնային, Աշոտ Թավադյանն առանձնացնում է հինգը` Ճանապարհների ապաշրջափակում, մակրոտնտեսական ցուցանիշների (գնաճի և փոխարժեքի) համաձայնեցում, ներդրումների միասնական ծրագրերի կազմում, գիտական հետազոտությունների միասնական իրականացում և կոռուպցիայի մակարդակի էական նվազեցում։
Աշոտ Թավադյանի դիտարկմամբ` միայն կոռուպցիան կարող է ապրանքի գինը թանկացնել շուրջ 10 տոկոսով, իսկ Հայաստանում ու Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը բավական բարձր է, ինչն ավելորդ խոչընդոտ է ներդրումների համար։
Ինչ վերաբերում է գնաճին ու փոխարժեքին` Թավադյանի պնդմամբ` դրանք պետք է հավասարեցվեն ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներում, քանի որ դրանցից յուրաքանչյուրը գնաճի կամ փոխարժեքի` մյուսներից ավելի բարձր մակարդակ ունենալու դեպքում կարող է մյուսներից ավելի աննպաստ պայմաններում հայտնվել։
Դե, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հիշատակած ճանապարհների ապաշրջափակման պարտավորության իրականացման հարցում Աշոտ Թավադյանը պաշտոնականից փոքր–ինչ տարբերվող կարծիք ունի։ Նրա դիտարկմամբ` տարածաշրջանային կոմունիկացիաների ու տնտեսական ուղիների ապաշրջափակման մասին խոսելիս հարկ է հիշել նաև աբխազական երկաթգծի բացման անհրաժեշտության մասին։
«Սա մեզ համար շատ ավելի ձեռնտու ու անվտանգ է, քան ցանկացած այլ ճանապարհ։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունեն և՛ Ղազախստանը, և՛ Բելառուսը։ Պարզ է, որ այս խնդիրը Վրաստանին քաղաքական առումով ձեռք չի տալիս, բայց իրենց պետք է տնտեսական առումով շահագրգռել։ Օրինակ` ԵԱՏՄ պետություններում մաքսատուրքերից ազատել»,– առաջարկում է Թավադյանը` միաժամանակ որպես տնտեսագետ հաշարկելով, որ աբխազական երկաթուղային ճանապարհի բացումից Հայաստանը տնտեսապես ավելի շատ օգուտներ կստանա, քան այսօր քննարկվող այլ ճանապարհների ապաշրջափակումից։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները «հագեցած» էր բնորոշել:
«Դա տնտեսությունն է, ներդրումները և անվտանգության հատվածը: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ -ում: Համագործակցություն կա, իհարկե, նաև հումանիտար, գիտական և կրթական ոլորտներում», - ասել էր Լավրովը:
Նշենք, որ հայկական կողմի տվյալներով՝ ռուսական ներդրումները 2020 թ․-ի երրորդ եռամսյակի դրությամբ գերազանցել են 2,1 մլրդ ԱՄՆ դոլարը կամ օտարերկրյա համախառն կապիտալ ներդրումների 40 տոկոսը:
Կապիտալ ներդրումների հիմնական ծավալն ուղղված է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են էներգետիկան, բանկերը, մետալուրգիան, շինարարությունը, կապը: Ընդհանուր առմամբ` Հայաստանում օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ընկերությունների մոտ մեկ երրորդը հենց ռուսական կապիտալով ձեռնարկություններն են (28,6 տոկոս):