ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Խորվաթիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի մեկնարկային կազմում` սահմանելով Ռուսաստանի հավաքականի ռեկորդ:
Զախարյանը Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 18 տարեկան, 3 ամսական, 5 օրական հասակում:
Այսպիսով հայազգի ֆուտբոլիստը դարձել է ամենաերիտասարդ մասնակիցը Ռուսաստանի հավաքականի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր դարպասապահ Իգոր Ակինֆեևին:
Նշենք, որ այսօր ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը մրցում է Խորվաթիայի թիմի հետ:
Արսեն Զախարյանը ծնունդով Սամարայից է, նա «Կռիլյա Սովետով» ակումբի սան է: 2020/2021 մրցաշրջանից սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմում: Մոսկովյան ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2020-ի նոյեմբերին։
2020 թվականի հոկտեմբերին Զախարյանը հայտնվել է 2003 թվականին ծնված աշխարհի 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում, որը ամեն տարի կազմվում է բրիտանական The Guardian պարբերականի կողմից: