ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռը ջրի մեջ է ընկել Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Դիեգոյի ափերի մոտ, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Տեղեկությունը Twitter-ի էջում հայտնել է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմը:
Նշվում է, որ MH-60S ուղղաթիռն օդ է բարձրացել Abraham Lincoln ավիակրից և ափից մոտ 110 կմ հեռավորության վրա ջուրն է ընկել:
Առափնյա պահպանության ծառայության տվյալների համաձայն՝ մեկ մարդու հաջողվել է փրկվել, հինգը անհետ կորած են համարվում:
Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են առափնյա պահպանության մի քանի օդային և ջրային միջոցների և ռազմածովային նավատորմի մասնակցությամբ:
MH-60S-ը SH-60 Seahawk ուղղաթիռի մոդիֆիկացիան է, որը մշակվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի համար։ Ընդհանուր առմամբ ամերիկացի նավաստիների սպառազինության մեջ ներառված է այդ տիպի 500-ից ավելի ուղղաթիռ: