ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Ահազանգով դեպքի վար են մեկնել օպերատիվ–քննչական խմբեր։ Այլ մանրամասներ ոստիկանությունն առայժմ չի հաղորդում։
Փոխարենն արդեն մանրամասներ է հրապարակել shamshyan.com–ը։
Ըստ կայքի ունեցած նախնական տեղեկությունների՝ անհայտ անձը խոշոր գումար է հափշտակել։
Կայքը հայտնում է նաև, որ «Երևան մոլ»-ի անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքի ներսի մի քանի հատվածներով մոտենալ ավտոկայանատեղիին և հենց այնտեղ «ասֆալտին փռել» կողոպտիչին։ Նա եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով, ձեռքին է եղել նաև պարկով լի գումարը, որի մեջ եղել է մոտ 102 մլն։