ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելել է կալանքի տակ գտնվող պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին: Թովմասյանը տեղեկությունը հայտնել է Facebook-ի իր էջում, նշելով, որ սկզբում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ են այցելել, որտեղից էլ «Նորք-Մարաշ» բժշկական Կենտրոն:
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 30-ին, Չարչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։
«Հիվանդանոցում՝ բժշկի սենյակի մոտ, հսկողություն էին իրականացնում համազգեստով 3 երիտասարդներ, մյուսն էլ ներսում էր: Բայց բժիշկն ընկճված չէր․․․»,-գրել է Թովմասյանը։
Նրա խոսքով՝ այժմ Չարչյանին երկու խնդիր է անհանգստացնում, որոցից մեկը երկրի ներկայիս վիճակն է, մյուսը՝ իր հիվանդների առողջությունը։
«Եվ սա ասում էր մարդ, ում սուր նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են հիվանդանոց, և 5 օր է՝ բժիշկները չեն կարողանում կայունացնել վիճակը: Լիահույս եմ, որ պրոֆեսորը շատ շուտ կկարողանա ապաքինվել և չնայած իր համար ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտներին՝ հասնել իր հիվանդներին»,-գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին և ակնարկում է չքվեարկել իշխանությունների օգտին։
Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։
Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվել է։