ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը Մոսկվայում այսօր կայացած հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պայքայի շրջանակներում պատվաստանյութի նոր խմբաքանակների ներկրման մասին։
Այս մասին այսօր երկու նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք արդեն «Սպուտնիկ–V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ ուղարկել ենք Հայաստան, այժմ նախատեսվում են նոր խմբաքանակներ։ Պայմանավորվել ենք, որ այս համագործակցությունը մեր երկրների միջև պետք է շարունակվի համակարգային հիմքով` համապատասխան բժշկական ու գիտական կազմակերպությունների միջև»,– ասել է նա։
Սերգեյ Լավրովը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կրթության ոլորտի համագործակցության վերաբերյալ, մասնավորապես` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրերի շրջանակներում։
Հայկական կողմը, Լավրովի խոսքով, հաստատել է իր շահագրգռությունը Հայաստանում ռուսերեն լեզվի պահպանման վերաբերյալ։
Ռուսաստանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման հնարավորություններին։