ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն վստահություն է հայտնել, որ համագործակցության եզրերը սպառված չեն, և այն կշարունակվի նոր ձևաչափով՝ օպերային թատրոնում մաեստրոյի մասնագիտական և գործնական ներուժի կիրառմամբ:
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մաեստրո Օրբելյանին այս տարիներին կատարած աշխատանքի և ներդրման համար: Մաեստրոն այն գործիչն է, ում գալով նոր գույն հաղորդվեց, և նոր բովանդակություն ձևավորվեց թատրոնում»,- ընդգծել է Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալն իր շնորհակալությունն է հայտնել նաև տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին և թատրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված և պատերազմի ժամանակ դրսևորած ակտիվության ու նախաձեռնողականության համար:
Նախարարի տեղակալը նշել է նաև, որ այնուամենայնիվ բոլոր առավելություններով ու ձեռքբերումներով հանդերձ՝ թատրոնում առկա են խնդիրներ, և բավականին աշխատանք կա կատարելու լիարժեք արդյունքի հասնելու համար:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 3 ամիս առաջ նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր։