ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ «Մարտի 1»–ի գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրել ենք ես և Վահե Գրիգորյանը»,– գրել է Սիմոնյանը։
Գործն առնչվում է Արզումանյանի կալանավորմանը 2007 թ․ մայիսին, այդ ժամանակ նա ակտիվ մասնակցում էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին նախորդող հավաքներին։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Արզումանյանը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ առ այն, որ իր կալանավորման հիմքերն անբավարար են եղել։
ՄԻԵԴ-ը վճռել է պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը 2000 եվրո վճարել Ալեքսանդր Արզումանյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում ու ևս 500 եվրո՝ նրա կողմից արված ծախսերի դիմաց: