ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Երևանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն ու տնտեսական գործընկերն է: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: Նա նշել է, որ դա արտացոլված է նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված կառավարության գործունեության ծրագրում։
«Սա իմ առաջին արտասահմանյան այցն է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, և դա զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը: Այս առումով ես կցանկանայի վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` շարունակելու կառուցել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 1997 թ.–ի «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» հռչակագրի «Դաշնակցային փոխգործակցության մասին համաձայնագրի հիման վրա», - ասել է Միրզոյանը:
Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Բացի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։