ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Մինչև տարեվերջ Մոսկվայում կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Նման կանխատեսմամբ Ռուսաստանի քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը հանդես է եկել ՌԻԱ Նովոստիին տված հարցարզույցում։
Նրա խոսքով` նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների գործընթացի կազմակերպման շրջանակում միջազգային միջնորդների ջանքերի սեզոնային ակտիվացումը տեղի է ունեցել մասնավորապես աշնան սկզբին, ինչպես նաև տարեվերջին։
«Այդ ժամանակահատվածներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների համար կարևոր կլինի միջազգային լսարանին երկխոսության պատրաստակամություն ցույց տալ, թեև առաջիկա ամիսներին սահմանամերձ գոտիներում լարվածությունն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի», – ասել է Նեյժմակովը։
Ըստ վերլուծաբանի` ներքին լսարանը, որպես կանոն, նման բանակցություններին մտավախությամբ է վերաբերվում։ Հայկական մամուլում, օրինակ, ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում ի շահ Բաքվի զիջումների գնալու նախապաստրատության մասին։ Միևնույն ժամանակ, միջազգային ասպարեզում նման հակամարտությունների մասնակիցների վարկանիշի համար ժամանակ առ ժամանակ երկխոսությանը պատրաստ լինելու ժեստերը շահեկան կողմեր ունեն։
Ռուսաստանի համար կարևոր է ընդգծել, որ բանակցային գործընթացը զարգանում է հենց Մոսկվայի միջնորդությամբ, կարծում է Նեյժմակովը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ 2021 թվականի օգոստոսին եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերսկսումը կարող է խոսել սեփական հարթակում իր համար նշանակալի թեմայի վերաբերյալ բանակցություններն արագացնելու` Մոսկվայի ձգտման մասին։
«Այդ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մինչև տարեվերջ լիովին բացառել չի կարելի։ Գուցե դա լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ` եռակողմ ձևաչափով, ինչպես դա տեղի ունեցավ 2021 թվականի հունվարին», – եզրափակել է Նեյժմակովը։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո երեք երկրների առաջնորդներն առաջին և վերջին անգամ հանդիպել են այս տարվա սկզբին։