ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Встреча министра иностранных дел Армении Арарата Мирзояна с генеральным секретарем ОДКБ Станиславом Засем (31 августа 2021). Москвa
© Photo : official site of MFA of RA
Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը: Երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը: Ստանիսլավ Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունների առաջմղման համար:
Հավելենք, որ ավելի վաղ Միրզոյանը հանդիպել էր ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։