ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Հայաստանում COVID-19-ի առաջին դեպքից հետո մինչեւ 18 տարեկան 130 դեռահասների մոտ Կավասակիանման համախտանիշ է հայտնաբերվել, գրանցվել է մահվան մեկ դեպք։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը՝ հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մինչդեռ, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, դեպքը գրանցվել է մի քանի ամիս առաջ և կապված է հենց մուլտիսիստեմային բորբոքային (Կավասակիանման) համախտանիշի հետ, որը զարգանում է կորոնավիրուսից մի քանի շաբաթ անց։
«17-ամյա պատանու մոտ հիվանդությունն արագ էր զարգանում, և չնայած բուժման ամբողջական սպեկտրին (որը հետագայում քննարկվել է գործընկերների հետ, այդ թվում՝ արտերկրից) նրա մոտ անվերահսկելի առիթմիա սկսվեց, որը հանգեցրեց սրտի կանգի»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ երեխաների բացարձակ մեծամասնության դեպքում դա չնայած իսկապես ծանր հիվանդություն է, բայց ամբողջապես բուժելի է, այդ թվում՝ շնորհիվ այն բանի, որ բոլոր երեխաները (մեկ-երկու դեպքից բացի) իմունոգլոբուլինի ներերակային ներարկում են ստացել։
Սարգսյանը նշեց, որ բուժման նվազագույն կուրսը սկսվում է 1 միլիոն և ավելի դրամից, և բնավ ոչ բոլոր երկրներում է այդպիսի բուժումն իրականացվում անվճար, իսկ Հայաստանը կարողացել է ապահովել հիվանդ երեխաներին։
Նա ընդգծել է՝ իրավիճակը պատկերացնելու համար, օրինակ, ԱՄՆ-ում մոտ 400 երեխա է մահացել, որոնց մահը կապված է կորոնավիրուսի հետ, տասնյակ մահեր են արձանագրվել նաև եվրոպական երկրներում։