Չարչյանի առողջական վիճակը վատ է` 1 շաբաթ առաջ սրտամկանի սուր ինֆարկտ է տարել. փաստաբան

Արմեն Չարչյանը մի շարք հիվանդություններ ունի` զարկերակային հիպերտոնիա, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը ներկա պահին վատ է` նա մեկ շաբաթ առաջ տարել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` անդրադառնալով պրոֆեսորի առողջական վիճակին։
«Բժիշկն ընկճված չէր»․ Թագուհի Թովմասյանն ու Տարոն Մարգարյանն այցելել են Չարչյանին
Հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 30-ին, Չարչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին հիվանդանոց։
«Այսօր ստացել եմ Չարչյանի թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ։ Պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց, և նրա նկատմամբ կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։ Այդ նույն օրը պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում»,–գրել է փաստաբանը։
Նրա խոսքով` Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, 2-րդ տիպի ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։
Ալեքսանյանը հայտնել է, որ այսօր ստացել է համապատասխան էպիկրիզը, որը մուտքագրելու է վաղն առավոտյան դատարան։
«Եվս մեկ անգամ միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու համար, քանզի Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր»,–գրել է նա։
«Արմեն Չարչյանի կալանքը խոշտանգում է». Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին և ակնարկում է չքվեարկել իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվել է։