ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Գիտելիքի օրվան ընդառաջ մարդասիրական ակցիա անցկացրին Մարտունու շրջանի երեխաների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Մաճկալաշեն գյուղի միջնակարգ դպրոցում խաղաղապահները շուրջ 100 աշակերտի և մանկավարժի շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Ակցիայի ընթացքում ռուսական խաղաղապահ մարդասիրական կենտրոնի մասնագետները և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները երեխաներին տետրեր, նկարչական ալբոմներ, գրչատուփեր, գունավոր գրիչների և մատիտներ, մարկերներ, քանոններ, գրքերի տակդիրներ և ուսումնական առարկաների մեթոդական ժողովածուներ նվիրեցին։
Իսկ դպրոցին նրանք քարտեզներ, Մենդելևի պարբերական աղյուսակներ, գնդակներ, սպորտային խաղերի պարագաներ, պատմության, աշխատանքի ուսուցման, աշխարհագրության և մաթեմատիկայի պարապմունքների համար պաստառներ են փոխանցել։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: