ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 20-ամյա ներկայությունից հետո ԱՄՆ–ն Աֆղանստանից դուրս է բերել զորքը և ավարտել առաքելությունը, որը մեկնարկել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացած ահաբեկչություններից հետո։ Տեղեկությունը երեկ Պենտագոնում լրագրողների համար կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին, որի օպերատիվ պատասխանատվության գոտում է նախևառաջ Մերձավոր Արևելքը։
«Բարի օր բոլորին։ Այստեղ եմ հայտարարելու, որ Աֆղանստանից մեր դուրսբերումը և ԱՄՆ քաղաքացիների, երրորդ երկրների քաղաքացիների և խոցելի աֆղանների տարհանման ռազմական առաքելությունն ավարտված են։ Վերջին C-17 ինքնաիթռն օդ բարձրացավ Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանից այսօր` օգոստոսի 30-ի ցերեկը, Արևելյան ափի ժամանակով ժամը 15:29–ին, և այն այժմ լքում է Աֆղանստանի օդային տարածքը», – ասել է Մաքքենզին տեսակապով։
Երբ վերջին ինքնաթիռը լքեց Քաբուլի օդանավակայանը, այդ տարածքը զբաղեցրին «Թալիբան» շարժման (արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) գրոհայինները։ Նրանք հայտարարեցին, որ Աֆղանստանը վերջապես «իսկապես անկախ» դարձավ։