ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը, ներկայացնելով բողոքը, միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում էր դատավոր Նարինե Հովակիմյանը։
«Գտնում ենք, որ քրեական գործի վարույթը կարճվել չի կարող, և քրեական հետապնդումը դադարեցվել նույնպես չի կարող։ ՍԴ որոշումից հետո ի հայտ է եկել ամբաստանյալների առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, քանի որ նրանց արարքները համապատասխանում են քրեական oրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին»,–ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Նշենք, որ 309-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Բաղդասարյանն, այսպիսով, միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու` Երևանի առաջին ատյանի դատարանի ապրիլի 6-ի որոշումը, և քրգործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Միաժամանակ, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ միջնորդեց վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, իսկ եթե դատարանը որոշի, որ այն ենթակա է կիրառման, ապա ընտրված գրավի չափը վերանայել և նվազեցնել։
Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց` քանի որ տուժողի ներկայացուցիչները հարգելի պատճառով բացակայում են նիստից, հետևաբար դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը 10։30-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ էր արձակվել 2020-ի հունիսի 18-ին՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Այս տարվա ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։
Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։ Սակայն դատախազությունը բողոքարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։