ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. ԶԼՄ-ները գրում են, որ գերմանացի պաշտոնյաները առաջարկել են «Գազպրոմին» վաճառել «Հյուսիսային հոսք-2» գազատարը՝ Եվրամիության կանոնները շրջանցելու համար: Sputnik ռադիոկայանի եթերում այս գաղափարը մեկնաբանել է քաղաքական գիտությունների թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը։
Frankfurter Allgemeine Zeitung թերթը, հղում անելով գերմանացի պաշտոնյաների հայտարարությանը, գրում է, որ «Գազպրոմին» կհաջողվի շրջանցել Եվրամիության գազային դիրեկտիվը, եթե այն վաճառի «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարը մեկ այլ սերտիֆիկացված օպերատորի:
Եվրոպական կանոնները պահանջում են, որ արդյունահանող ընկերությունն ու ենթակառուցվածքների օպերատորը բաժանված լինեն։ Հակառակ դեպքում հզորության 50 տոկոսը պետք է ամրագրվի անկախ մատակարարի։
Նախօրեին Դյուսելդորֆի բարձրագույն հողային դատարանը մերժել էր Nord Stream 2 AG ընկերության նախագծի օպերատորի բողոքը գերմանական կարգավորիչի որոշման դեմ, որը հրաժարվել էր «Հյուսիսային հոսք-2»-ն ազատել գազային դիրեկտիվի պահանջներից: Եթե ընկերությունը չբողոքարկի որոշումը, դա փաստացի կնշանակի, որ ռուսական հոլդինգը կկարողանա գործարկել գազատարի հզորության միայն կեսը։
Sputnik ռադիոկայանի եթերում Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը մեկնաբանել է «Հյուսիսային հոսք-2»-ը վաճառելու վերաբերյալ եվրոպացիների առաջարկը:
«Գազային դիրեկտիվը ենթադրում է, որ գազի արդյունահանումն ու փոխադրումը չի կարող մեկ ձեռքում լինել։ Այդ պատճառով ԵՄ-ում առաջարկում են, թե մենք ձեր գազին ձեռք չենք տալիս, բայց թող «Գազպրոմը» մեզ վաճառի գազատարը, որ այդ դիրեկտիվի պահանջը կատարվի։ Նրանք նավթամուղերին էլ մի քանի անգամ մոտեցան, բայց, կներեք, նրանց «հեռու» ուղարկվեցին։ Դա Արևմուտքի ֆանտաստիկ երազանքն է, որը կառուցված է միանգամայն ոչ կոռեկտ գաղափարի վրա, թե եթե ինչ–որ տեխնոլոգիական գործընթաց բաժանենք, ապա այն ավելի մրցունակ ու արդյունավետ կդառնա», - ասել է Դմիտրի Ժուրավլյովը:
Նա նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի դեպքում այդ գաղափարը չի գործում։
«Մրցակցությունն այն է, երբ երկու ընկերությունները պայքարում են մեկ սպառողի համար, ոչ թե երբ արտադրության մի մասը բաժանում են մյուսից։ Երկու կապված արտադրական ծրագրերը չեն մրցակցում, այլ լրացնում են միմյանց։ Մրցակցության գաղափարը, որի վրա կառուցված են այդ բոլոր գազային դիրեկտիվները, այստեղ չի աշխատում։ «Հյուսիսային հոսք-2»-ը կարող է մրցակցել ուկրաինական գազաբաշխիչ համակարգի հետ։ Բայց նրանց դիրեկտիվներում դրված է մեկ այլ գաղափար՝ տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր փուլ ինքնուրույն դարձնել՝ իբր մրցակցություն կլինի, ու դա կբարձրացնի արդյունավետությունը։ Դա բացարձակ միֆ է, բայց նրանք տարիներ շարունակ առաջ են տանում այդ միֆը», – եզրափակել է Դմիտրի Ժուրավլյովը։