Քաբուլի պայթյուններից հետո ամերիկացիները կրակում էին անզեն մարդկանց վրա. ականատես

Ականատեսների խոսքով` զոհերի փոքր մասն է պայթյուններից եղել, մյուսներին խուճապի մեջ գնդակահարել են զինվորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո ամերիկացի զինվորականները կրակ են բացել խաղաղ մարդկանց ուղղությամբ` թիրախավորելով նույնիսկ գետնին ընկածներին։ Տեղեկությունը հայտնել է RT  հեռուստաալիքը` հղում անելով ողջ մնացած ականատեսներին։
«Ամերիկացիները կարծում էին, թե ամբոխի մեջ էլի մահապարտներ կան, և սկսեցին ոչ թե օդ կրակել, այլ անմիջապես մարդկանց վրա», – պատմել  է տուժածներից մեկը։
Քաբուլում պայթյունների հետևանքով ավելի քան 1300 մարդ է տուժել, կա 60 զոհ․ ԶԼՄ
Մյուս ականատեսների խոսքով` զոհերի փոքր մասն է պայթյուններից եղել, մյուսներին խուճապի մեջ գնդակահարել են զինվորները։  Ըստ նրանց` ամերիկացիները կանգնած էին օդանավակայանի մուտքի մոտ, մի գծով` ուս–ուսի։ Մահապարտն իրեն կարողացել է պայթեցնել նրանցից ընդամենը մի քանի մետրի վրա, իսկ զինծառայողները խուճապի են մատնվել։
«Հրմշտոց սկսվեց, բոլորը փախան։ Հավանաբար, ամերիկացիները կարծեցին, թե մեր մեջ ևս կան այնպիսիք, որոնք կարող են պայթյուն իրականացնել, այդ պատճառով էլ կրակեցին։ Պայթյունից քիչ մարդ է զոհվել, էպիկենտրոնը եղել է այն կողմում, որտեղ ամերիկացիներն էին։ Իսկ մարդիկ մահացել են հրմշտոցի հետևանքով և ամերիկացիների կրակոցներից», – հայտարարել է ականատես Շահ Ջանը։
Քաբուլի հիվանդանոցներից մեկի վիրաբույժը հեռուստաընկերությանն անուղղակիորեն հաստատել է այս վարկածը` նկարագրելով այն պացիենտին, ով և՛ բեկորային, և՛ հրազենային 5 վնասվածք է ունեցել։ Տղամարդը մահացել է։
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ երկու պայթյուն է որոտացել, պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկչության զոհ է դարձել ամերիկացի 13 զինվոր և շուրջ 200 աֆղան։
Քաբուլի օդանավակայանի մոտ ամերիկացի ու գերմանացի զինվորների միջև փոխհրաձգություն է եղել
Օգոստոսի 29–ին ամերիկյան անօդաչուն Քաբուլում ավտոմեքենա է ոչնչացրել, որը ինչպես հայտնում էին, մեծ քանակության պայթուցիկ նյութեր էր տեղափոխում։ Դրա հետևանքով մահացել է 12 մարդ, այդ թվում երեխաներ։
Այսօր առավոտյան ԻՊ գրոհայինները օդանավակայանի ուղղությամբ 6 հրթիռ են արձակել, որոնցից 5-ը որսացել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը։
*Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորում։