ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Հայաստանն ունեցավ մեծաթիվ անհետ կորածներ, և նրանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:
«Ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական ու մարդու իրավունքների հարցերի բացահայտ քաղաքականացումը, գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիչ զրկանքների, մարդկանց պատճառվող հոգեկան լրացուցիչ տանջանքների: Ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով բռնի անհետացել, սպանվել ու խոշտանգվել են բազմաթիվ մարդիկ, որոնց վերաբերյալ կան փաստական անհերքելի ապացույցներ», - ասված է ուղերձում։
Նշվում է, որ դրա հետ միասին պետությունը պետք է հնարավորին ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ և արագ իրականացման գործում։
«Թեև գործընթացի երկարացման հարցում կան նաև օբյեկտիվ գործոններ, սակայն այդ գործընթացում ընտանիքների հետ հաղորդակցության ճիշտ կազմակերպումը կարող է մեղմել ընտանիքների հոգեբանական լրացուցիչ տանջանքները։ Պետք է գիտակցենք բոլորս, որ յուրաքանչյուր անհետ կորած համարվող մարդու անուն -ազգանվան հետևում ընտանիքի ցավ ու դժբախտություն է, ծնողի վերադարձի անվերջանալի սպասում երեխաների համար», - ասված է ուղերձում։
ՄԻՊ-ը նշում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում նրանք ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը մարդկանց իրավունքների երաշխավորմանը նպաստելու համար։
Նշենք, որ 2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝ բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։