Արարատ Միրզոյանի մոսկովյան առաջին այցը որպես ՀՀ ԱԳ նախարար, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի հետ նույն շղթայի շարունակությունն են, և դրանց հիմքում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ արձանագրությունների շուրջ քննարկումներն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Կարևոր է, որ նոր եռակողմ հանդիպումներից առաջ մենք մեր դաշնակցի հետ քննարկենք այն զգայուն հարցերը, որոնք այսօր կան, կարողանանք եռակողմ բանակցություններից առաջ շտկել, ստանալ Ռուսաստանի հստակ դիրքորոշումը բոլոր հարցերի հետ կապված»,- ասաց նա։
Բալասանյանի խոսքով`Հայաստանում ադրբեջանական սադրանքները կանխելու հարցում ռուսական ճնշումը մեծացնելու համար Հայաստանը բավականին լուրջ խաղաքարտ ունի. սլաքները պետք է ուղղել տարածաշրջանում ՌԴ հեղինակության պահպանման ուղղությամբ։ ՄՆում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և իշխանությունները կարողանան այն ճիշտ օգտագործել։
Նրա կարծիքով` Արցախում, Սյունիքում, Տավուշում ադրբեջանական սադրանքներն առաջին հերթին ուղղված են ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի դեմ, և միտված են կասկածի տակ դնելու ռուսական կայսրության հեղինակությունն ու կշիռը Հարավային Կովկասում։
«Հայաստանում Ադրբեջանը կրկին գնաց իրավիճակի սրացման` ցույց տալով Ռուսաստանին, որ ինքը համաձայն չէ ՌԴ միանձնյա հեղինակությանը տարածաշրջանում։ Մենք պետք է պատմությունից դասեր քաղենք և ռուսական կողմին պարզ, շիտակ ներկայացնենք, որ այս ամենն առաջին հերթին ուղղված է ՌԴ դեմ»,- նշեց վերլուծաբանը։
Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 30-ից 31-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում, կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիս։
Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։