ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր` օգոստոսի 30-ին, աշխատանքային փակ քննարկում է նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը հուլիսի 26–ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը, ասաց, որ արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի: