ՌԱԴԻՈ

Թուրքիան ծավալապաշտական նկրտումներ ունի. փորձագետը դրական ազդակներ չի տեսնում

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ մինչ այս պահը Թուրքիան Հայաստանին վերաբերվում է որպես պարտված երկրի։ 
Sputnik
Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղությանն ուղղված որևէ հրապարակային հայտարարություն կամ ազդակ նկատելի չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղությանն ուղղված որոշակի դրական ազդակներ կան։
«Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
«Ինքս որևէ ազդակ չեմ նկատել, բացի ծավալապաշտական հռետորաբանությունից և ՀՀ-ին աղքատ երկիր անվանելուց։ Թուրքիան Հայաստանին վերաբերվում է որպես պարտված երկրի, այլ ոչ թե խաղաղության կամ ինչ-որ բանակցային կողմի»,- ասաց նա։
Հովհաննիսյանի կարծիքով` այդ մասին են փաստում տարածաշրջանային ենթակառուցվածների ապաշրջափակման քողի տակ «Զանգեզուրյան միջանցքին» տիրանալու թուրք-ադրբեջանական նկրտումները. դրական ազդակ կլիներ, եթե, օրինակ, Թուրքիան սաստեր Ադրբեջանին և թույլ չտար, որ վերջինս փակեր Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ տարածաշրջանային խաղաղության հարցում Թուրքիայի կողմից հրապարակային ազդակներ կան և, որ «մենք կգնահատենք ու դրական ազդակով կարձագանքենք դրանց»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 25–ին Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո» Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել և, եթե Հայաստանը օգտվի այդ շանսից, ապա իրենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն։
ՀՀ–ն պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ