ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թալիբները սպանել են աֆղանցի ժողովրդական երգերի հայտնի կատարող Ֆավադ Անդարաբին։ Տեղեկությունը հայտնում է timesnownews.com-ը։
Անդարաբիին դուրս են բերել իր տնից և սպանել նրան իր իսկ գյուղում` Քիշնաբադում։
«Թալիբան» շարժման (ահաբեկչական է ճանաչված մի շարք երկրներում-խմբ.) ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է, թե իսլամում երաժշտությունն արգելված է։
«Մենք հույս ունենք, որ նրանց վրա ճնշում գործադրելու փոխարեն` կարող ենք մարդկանց համոզել նման բաներ չանել»,-ասել էր նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թալիբները հայտարարել էին, որ երկրում երաժշտությունն արգելվում է։