ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավորները որոշել են նոր օրինագիծ մշակել և արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել սեփական հեռախոսները։
Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, իշխանական պատգամավորները այդ մասին որոշել են այն բանից հետո, երբ ԱԺ-ում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ՊՊԾ-ն հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել, բայց այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։
«Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։
ՔՊ-ն ներքին քննարկում է արել և որոշել, որ կդիմի ԱԺ նախագահությանը՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից»,-գրել է թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդդիմությունը սակայն կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի։ Բացի այդ Ալեն Սիմոնյանն օրերս խոստացել է լուծել օթյակի հարցն ու թույլ չտալ լրագրողներին այնտեղից հեռացնել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին Ազգային ժողովի հերթական նիստում երկու խոշոր միջադեպ տեղի ունեցավ։ Սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») սկսեցին շշեր շպրտել, այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետն արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա՞ ես անում», և մի շիշ գցեցին Սարգսյանի ուղղությամբ, որին հաջորդեցին մյուսները։
Որոշ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունն այլևս չի կարողանալու ժողովրդին պոպուլիզմով «կերցնել», որին ՔՊ–ական պատգամավորներից մեկը տեղից բացականչը. «Քեզ ենք կերցնելու, արա՛»: Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։
Այդ ընթացքում լրագրողներին ԱԺ օթյակից դուրս տարան ՊՊԾ աշխատակիցները։