ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։
Նշենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Տեղում էին հայ և ռուս սահմանապահները, ընթանում էին բանակցություններ, որոնց արդյունքում էլ ճանապարհն արդեն բաց է։ Այն, սակայն, այնուամենայնիվ, առաջվանը չէ. ճանապարհի երկու կողմերում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։