ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթի Donda ալբոմի շնորհանդեսին ներկայացել է հարսանյաց զգեստով։ Նախկին զույգի լուսանկարներն ու արված տեսանյութերը տարածվել են սոցցանցերում։
Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել Չիկագոյի մարզադաշտերից մեկում, այն տևել է երեք ժամ։ Հատուկ այդ իրադարձության համար բեմի վրա տեղադրվել է փոքրիկ եկեղեցի, որի շուրջ հետո հարյուրավոր մեքենաներից բաղկացած շարասյուն է գոյացել:
Բայց ամենատպավորիչ պահը եղել է այն, որ Քիմ Քարդաշյանը շնորհանդեսին հայտնվել է հարսանեկան զգեստով, որը Balenciaga նորաձևության տունը հատուկ Քարդաշյանի համար է կարել։ Քիմը բեմ է դուրս եկել ամենավերջում՝ No Child Left Behind շոուի եզրափակիչ երգի ժամանակ։
Սոցցանցային օգտատերերը պնդում են, որ Քարդաշյանը պարզապես ցանկացել է աջակցել նախկին ամուսնուն և նրա մասնակցությունն ալբոմի շնորհանդեսին չի նշանակում, որ նրանք կրկին միասին են։
Քանյեն և Քիմը ամուսնացել են 2014 թվականին, չորս երեխա ունեն՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 3 տարեկան Չիկագոն և 3 տարեկան Փսալմը։
Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին` 19 տարեկանում, նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։
2011թ․-ին Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր է տևել։ Իսկ Քանյե Ուեսթը 2006-2008 թթ․ նշանված է եղել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։