ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում այսօր բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Շիրակի մարզպետարանը։
Նշվում է, որ ախտորոշիչ կենտրոնը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ` GE Voluson S 10 Expert սարքով։
«Սարքը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նմանատիպ կենտրոն ունենալու անհրաժեշտությունը միշտ է եղել մարզում։
Կենտրոնը ոչ միայն կծառայի հղիներին, այլ նաև օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց հնարավորություն կտա խնդիրները վաղ հայտանբերել։
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի հավաստմամբ ՝ առաջիկայում կենտրոնը կհամալրվի նաև կրծքագեղձի հետազոտություն իրականացնող սքրինինգային սարքով։