ԵՄ-ում հայաստանյան պատվաստումների սերտիֆիկատների ճանաչման հարցը ընթացքի մեջ է. ԱՆ

Գերատեսչությունից մեկնաբանել են «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի ձեռքբերման հարցը, ինչպես նաև կրկնապատվաստման հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Հայաստանյան պատվաստումների սերտիֆիկատների Եվրամիությունում ճանաչման հարցը ընթացքի մեջ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Պատվաստումների սերտիֆիկատների ճանաչման հարցը ընթացքում է»,–հայտնել են գերատեսչությունից` այլ մանրամասներ չներկայացնելով։
Կորոնավիրուսի թվերը մտահոգիչ են. որոշ պոլիկլինիկաներում պատվաստման հերթեր են գոյացել
«Pfizer» պատվաստանյութի մատակարարման ժամկետների մասին հարցին ի պատասխան նախարարությունից տեղեկացրել են, որ այն ձեռք բերելու գործընթացը բանակցությունների փուլում է։ Ինչ վերաբերում է «Moderna» պատվաստանյութին, ապա ձեռքբերման հարցը քննարկվում է։
Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստում (ռեվակցինացիա) դեռևս չի կիրառվում։
«Նման մոտեցում չի առաջարկվում նաև Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում տարբեր պատվաստանյութերի համատեղումը (մեկական դեղաչափի ներարկումները) նույնպես չի կիրառվում (ապագայում նման հնարավորությունը առողջապահության նախարարությունից չեն մեկնաբանել)։
Մեծ Բրիտանիան մտադիր է պատվաստել 12 տարեկանից մեծ երեխաներին՝ առանց ծնողի համաձայնության
Ինչ վերաբերում է ՀՀ–ում արտադրված թեստերին (100 հազար), ապա դրանք հաջողությամբ կիրառվել են կորոնավիրուսի ախտորոշման համար:
Օգոստոսի 28-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 692-ով (16 մարդ մահացել է)։