ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայ գերիների վերադարձի հարցով միջազգային հարթակներում քննարկումները կարող են վերսկսվել աշնանը։ Այդ ժամանակ կարելի է ակնկալել գերիների նոր խմբի վերադարձը հայրենիք։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Իրավաբանը նշում է, որ այժմ գործընթացը մի փոքր կանգ է առել, լուրջ տեղաշարժ չի արձանագրվել։ Դա պայմանավորված է հիմնականում միջազգային կառույցներում արձակուրդների ժամանակահատվածով։ Քաղաքական մասով զարգացումների հեռանկար այս պահին ևս չկա` պայմանավորված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածությամբ։
Սահակյանի խոսքով` աշնանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկումներ են լինելու. սպասվում է հատուկ զեկույց և կա քաղաքական սանկցիաների կիրառման հնարավորություն։
Որոշ ակնկալիքներ կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունը ևս կօգնի լուծել խնդիրը և Ադրբեջանին կստիպի սեղմ ժամկետում վերադարձնել գերիներին։
«Ադրբեջանը գերիների հարցում միասնական հստակ քաղաքականություն չի վարում։ Եվ անզեն աչքով երևում է, որ գործընթացը քաղաքական բնույթ է կրում։ Օրինակ, նույն խմբի տարբեր գերիներին տարբեր կերպ էին վերաբերվում։ Ոմանց վերադարձրել են, մյուսներին դատապարտել են տարբեր ժամկետներով։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է որպես գործիք որոշակի նպատակների հասնելու համար»,-հավելել է նա։
Նրա խոսքով`գերիների վերադարձի խնդրի վրա բացասական հետք է թողնում Հայաստանում ներքաղաքական պառակտումը։ Այս պառակտումը ցույց է տալիս պետության և ղեկավարության թուլությունը, առանցքային խնդիրներ լուծելու անկարողությունը, դրանով իսկ ամրապնդում է Ադրբեջանի բանակցային դիրքերը։ Բաքվում տեսնում են Հայաստանում տիրող իրավիճակը, դրա համար էլ անընդհատ մեծացնում են իրենց զավթողական նկրտումները։
Նշենք, որ 2020թ. նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման պահից ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 81 մարդ։ Այժմ, երկրի իշխանությունների տվյալներով, Ադրբեջանում պահվող գերիների թիվը 60 է, իսկ չճշտված տեղեկություններով` նրանց թիվը հասնում է 110-ի։