Ադրբեջանցիները թիրախային կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ. վիրավոր զինվոր ունենք

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Կութում կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել
Նշվում է, որ ադրբեջանցիների արձակած կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հիշեցնենք` օգոստոսի 17–ին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշիի շրջանում ՝ հրաձգային զենքի կիրառմամբ:
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից, ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։