ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik, Լաուրա Սարգսյան․ Վրաստանը սեպտեմբերից կսկսի Խաչի լեռնանցքի տակ 9-կիլոմետրանոց թունելի կառուցման աշխատանքները. դա թույլ կտա ոչ միայն կրճատել ճանապարհը դեպի «Վերին Լարս» անցակետ, այլև այն ավելի անվտանգ դարձնել:
Մասնագետները նշում են, որ նախագիծը պետք է ոչ միայն բուն Թբիլիսիին, դրա իրականացումից կշահի նաև Երևանը։
Թունելը ծավալուն և աննախադեպ նախագծի մի մասն է, որը երկրի իշխանություններն ի սկզբանե պետք է իրականացնեին 2022 թվականին։ Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի շրջանցիկ ճանապարհի մասին է։ Նախագծի շրջանակում կկառուցվի 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել, այդ թվում՝ ինը կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ: Մասնագետների գնահատմամբ՝ այն արդեն համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան վստահ է, որ նախագիծը թույլ կտա վերացնել Վերին Լարս անցակետի հետ կապված խնդիրներն ու անխափան տրանսպորտային հաղորդակցություն ապահովել:
Նրա խոսքով՝ հորատման մեքենան արդեն հաջողությամբ անցել է փորձարկումն ու պատրաստ է շահագործման։
«Ներկայումս հայտնի է, որ թունելի շինարարությունը սկսվելու է։ Մեծ հաշվով, նշանակություն չունի՝ երբ, քանի որ ձմռանը, այսինքն՝ ամենաբարդ սեզոնին, այն հաստատ պատրաստ չի լինի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ցիպուրիան։
9 կիլոմետր երկարությամբ ու 15 մետր լայնությամբ թունելի շինարարության համար ժամանակ է հարկավոր: Թունելը փորելուց հետո կսկսվեն ասֆալտապատման, օդափոխության և այլ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները։ Նա ընդգծեց, որ շինարարական աշխատանքները չեն խանգարի Ռուսաստանից Վրաստան ու հակառակ ուղղությամբ ուղևորվող տրանսպորտային միջոցների հիմնական հոսքին: Ճանապարհը և թունելը կառուցվում են բարդագույն հատվածի շրջանցմամբ, որը սովորաբար փակվում է ձնահոսքի վտանգի պատճառով:
Ցիպուրիան հիշեցրեց, որ ի սկզբանե Ռազմավիրական ճանապարհը նախատեսված չէր բեռների տարանցման ու փոխադրման համար: Այն ամեն տարի փակվել է նոյեմբերի 15-ից ապրիլի 15-ը։
Այս նախագծի իրականացումը 12 կիլոմետրով կկրճատի ճանապարհը, ինչը թույլ կտա գրեթե երկու անգամ ավելի արագ հասնել Լարս։
Ցիպուրիան ընդգծեց, որ նոր ճանապարհը կարևոր է առաջին հերթին Վրաստանի համար, բայց դրանից շատ կշահի նաև Հայաստանը, որի համար այս պահին դա Ռուսաստան տանող միակ ճանապարհն է:
Նա հիշեցրեց, որ ամեն տարի միայն Հայաստանից «Վերին Լարս» անցակետ երկու ուղղությամբ փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում: Մասնագետը կարծում է, որ նախագծի իրականացման համար ընդհանուր առմամբ մոտ 5 տարի կպահանջվի։ Սակայն դրա առանձին հատվածները կարող են ավելի շուտ շահագործման հանձնվել։
Նշենք, որ Հայաստանն այսօր ապրանքների արտահանման և ներմուծման համար հիմնականում օգտվում է Վերին Լարսի անցակետից։ Այլընտրանքային 8 ճանապարհ կա, բայց բոլորը փակ են քաղաքական պատճառներով։ Դրանցից առավել շահեկանը` Նար (Հյուսիսային Օսեթիա)–Գորի ճանապարհն է, որն անցնում է Հարավային Օսեթիայով։ Այն 80 կմ–ով երկար է Լարս տանող ճանապարհից, սակայն օսական երթուղին նախընտրելի է կլիմայական առավել հարմարավետ պայմանների ու ռելիեֆի պատճառով։