Փաշինյանը Սյունիքի ոչ մի բարձունք չի հանձնել, ես լավ գիտեմ. Վահագն Խաչատուրյան

ԲՏԱ նախարարի խոսքով` գործող կառավարության քննարկած հարցերի մեջ երբեք չի եղել տարածքների զիջման կամ հանձնման հարց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքից ոչ մի սմ չի հանձնվելու, կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Ադրբեջանցիները հայկական կողմին տեղեկություն են փոխանցել. ԱԱԾ
«Վարչապետն ասել է, որ խաղաղության օրակարգ ունենալ չի նշանակում լինել չպաշտպանված ու չի նշանակում տարածքներ զիջել։ Ոչ մեկը կառավարությունում չի խոսում տարածքներ զիջելու մասին։ Ես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքից ոչ մի սմ չի հանձնվելու»,– ասաց Խաչատուրյանը։
Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե «Փաշինյանը Սյունիքում արդեն բարձունքներ է հանձնել թշնամուն», Խաչատուրյանը ասաց` նման բան չկա։
«Սյունիքի ոչ մի բարձունք Նիկոլ Փաշինյանը չի հանձնել, Վահագն խաչատուրյանը դրա մասին լավ գիտի, որովհետև ես մեծացել եմ հենց այդ բարձունքներում», – ասաց նա և այլևս հրաժարվեց պատասխանել աշխարհաքաղաքական հարցերին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել են Որոտան գյուղում։
Այդ ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական ԽՍՀ տարածքում էին. Քերոբյանը` Գորիս-Կապանի մասին
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Տեղում են հայ և ռուս սահմանապահները, ընթանում են բանակցություններ։