ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1 կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար։ Այսօր կայացած նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ նախագծով թվով 6 ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքներ են նախատեսված։
«Վերանորոգվող ճանապարհներից 37.3 կիլոմետրը միջպետական նշանակության ավտոճանապարհներն են, իսկ 13.8 կիլոմետրը` հանրապետական նշանակության»,–ասաց Սանոսյանը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս տարի 500 կմ ճանապարհի նորոգման աշխատանքներ կապահովվեն։ Սրա մեջ ներառված չեն «Հյուսիս–հարավը» և սուբվենցիոն ծրագրերով արվող նորոգումները։
Հավելենք, որ որոշման նախագծում նշված է, թե որ ճանապարհները պետք է հիմնանորոգվեն այսօր հատկացված 7.6 մլրդ դրամի շրջանակներում։ Մասնավորապես, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանը, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհը։