ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
«Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ: Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում», –ասված է նախագահի ուղերձում:
Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ուժերի համախմբումը՝ անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի հրեշավոր դրսևորումները բացառելու համար:
«Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,– ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ օգոստոսի 26–ին երկու պայթյուն է որոտացել Քաբուլի օդանավակայանի մոտ, որոնցից մեկը՝ Baron հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, հավաքվում էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի քաղաքացիները: Առաջինը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը, մյուս պայթուցիկը գործել է մեքենայում։
Ավելի ուշ Քաբուլում ևս մի քանի պայթյուն է որոտացել։
Նախնական հաշվարկով, Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով ավելի քան 1300 մարդ է տուժել. 1338-ը վիրավորվել է, 60–ը` զոհվել։