Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերն ու սուզանավերը շուտով կուժեղացեն հարվածային հնարավորությունները: Օրերս ՌԴ պաշտպանության նախարարությունը հիպերձայնային «Ցիրկոնների» մատակարարման պայմանագիր է կնքել մեքենաշինության գիտաարտադրական միավորման հետ։ Ակնկալվում է, որ դրանք արդեն 2022-ին նավատորմին կփոխանցվեն: Աշխարհում առաջին սերիական հականավային հիպերձայնային հրթիռի ու Արևմուտքի արձագանքի մասին ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում:
Թիվ մեկ թեմա
Օգոստոսի կեսերին ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար Չարլզ Ռիչարդը, ելույթ ունենալով տիեզերական պաշտպանության ամենամյա գիտաժողովում, խոստովանել է, որ ռուսական հիպերձայնային տեխնոլոգիաները լուրջ մարտահրավեր են ՆԱՏՕ-ի համար: Նրա խոսքով՝ «Ցիրկոնը» Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար հնարավոր զինված հակամարտության դեպքում անվիճելի առավելություն կապահովի ծովում:
«Ցամաքային ու տիեզերական բազավորման ընդունիչների մեր ներկայիս համակարգը կարող է ձախողել այդ հրթիռների հայտնաբերումն ու հետևեումը»,- ընդգծել է Ռիչարդը: «Պետք է խոստովանել, որ Ռուսաստանը հիպերձայնային տեխնոլոգիաներով աշխարհում առաջատար երկիր է։ Այնտեղ շարունակում են զգալի միջոցներ ներդնել արագընթաց պլանավորող թռչող ապարատների՝ գլայդերների մշակման գործում։ Ու եթե մեր պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները կարճ ժամկետում չկողմնորոշվեն ինչպես դրանց հակազդել, ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավատորմերի նավերը խոցելի կդառնան»։
Արևմտյան զինվորականները, քաղաքական գործիչներն ու լրագրողները մշտապես խոսում են «Ցիրկոնի» մասին։ Այս զենքի հաջող փորձարկումները լրջորեն անհանգստացնում են Հյուսիսատլանտյան դաշինքին։
Այսպես, ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ռուսական հիպերձայնային համալիրներն անվանել է «պոտենցիալ ապակայունացնող գործոն, որը նկատելի սպառնալիք է ներկայացնում»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նման զենք մշակում են միայն ոչ միջուկային տարբերակով։
Այդ արտահայտությանն արձագանքել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը։ Դիվանագետները Քիրբիին նրբորեն հիշեցրել են, որ իհարկե, հիպերձայնային համալիրն առանց միջուկային մարտագլխիկի լավ է, բայց կան շատ ավելի լուրջ բաներ, որոնց Ռուսաստանը ստիպված է արձագանքել։ Օրինակ՝ Եվրոպայում արձակման կայանքների տեղադրումը։
Արձագանքել է նաև Կրեմլը։ «Եթե հիշում եք, Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է այդ թեմաների մասին»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նա ասել է, որ մենք, ցավոք, վերջին տասնամյակներում կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատվածում բախվել ենք ռազմավարական անվտանգության ողջ փաստաթղթային համակարգի փուլային փլուզմանը, բացի այդ, հետևել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կողմից որոշակի քայլերին, որոնք փաստացի վնաս են հասցրել գոյություն ունեցող պարիտետին»։
Դա ստիպում էր միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար։ «Ցիրկոնը» դրանցից մեկն է։
Անորսալի
Թևավոր հրթիռի տակտիկական-տեխնիկական բնութագրերի մեծ մասը գաղտնի է պահվում, բայց ինչ-որ բան հայտնի է։ Արագությունը ռեկորդային է՝ ժամում ավելի քան տասը հազար կիլոմետր կամ մոտ ինը մախ։ Հեռահարությունը հազար կիլոմետր է։ Մարտական մասի զանգվածը մոտ 450 կգ է։
«Արևմտյան երկրների նավատորմերը դեռ չունեն հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք կարող են որսալ «Ցիրկոնը», - պարզաբանում է Զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն: - Նրանց նավային ԶՀՀ-ները բացարձակապես անզոր են հիպերձայնի դեմ: Իսկ հրաձգության մեծ հեռահարությունը թույլ կտա մեր նավերին, փաստացի, անպատիժ ոչնչացնել մակերեսային ու ցամաքային թիրախները՝ չմտնելով խոցման գոտի»։
Հեռանկարային հարվածային համակարգը թշնամու նավերի վրա ուղղելու է նոր ավտոմատացված կառավարման համակարգը, որը վերջերս փորձարկվել է Հյուսիսային նավատորմի լայնածավալ զորավարժություններում։
Ավտոմատացված կառավարման համակարգը ինքնուրույն որոշել է ամենակարևոր թիրախներն ու համապատասխան զենք է ընտրել: Հեռանկարային «Ցիրկոններից» բացի, համակարգի կառավարման ներքո նավերը կարող են կիրառել նախորդ սերունդների թևավոր համակարգերը, այդ թվում՝ «Յախոնտ», «Վուլկան» ու «Կալիբր»։
«Գրանիտին» փոխարինելու համար
Հիպերձայնային հրթիռի նախագծին ձեռնամուխ են եղել 2010-ականներին՝ խիստ գաղտնիության պայմաններում։ Առաջին անգամ լայն հանրությանն այս նախագծի մասին հայտնել է Վլադիմիր Պուտինը 2018-ին։ Այս պահին ինը մեկնարկ են անցկացրել վերջրյա ու ստորջրյա կրիչներից, բոլորը բարեհաջող են անցել։
Ըստ պաշտպանության նախարարության ծրագրերի՝ «Ցիրկոնը» ժամանակի ընթացքում կփոխարինի Պ-700 «Գրանիտին», որը 1980-ականների կեսերից սպառազինության մեջ է ու հասցրել է հնանալ: Նոր հարվածային համալիրով համալրվելու են 22350 նախագծերի ֆրեգատները, 1144 նախագծերի «Պյոտր Վելիկի» ու «Ադմիրալ Նախիմով» ծանր ատոմային հածանավերը, ինչպես նաև 885Մ Ու 949ԱՄ նախագծերի ունիվերսալ ատոմային սուզանավերը: «Ցիրկոնա» առաջինը կստանա Հյուսիսային նավատորմը։
Եվ սա միակ զենքը չէ, որի առաջ ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ն ու ՀՀՊ-ն անզոր են։ Արդեն սպառազինության են ընդունվել «Ավանգարդ» համալիրը՝ հիպերձայնային մարտական բլոկով, ինչպես նաև աերոբալիստիկական «Կինժալը»։ Բացի այդ, շարունակվում են «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի (միջուկային տորպեդի) փորձարկումները, որը նախատեսված է հակառակորդի ափին ռազմածովային բազաների ու ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման համար: