ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից Մանե Թանդիլյանն ավարտում է իր պաշտոնավարումը Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում։ Այս մասին Թանդիլյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Սեպտեմբերի 1-ից իմ ծառայությունն Արցախին շարունակելու եմ «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, և, առաջին հերթին, մեր գործընկերների ուղղակի և գործուն մասնակցությամբ Արցախի Դահրավ գյուղի մոտ կառուցվում է 100 տուն ունեցող նոր բնակավայր, որտեղ կարող են կյանքը շարունակել տեղահանված մեր արցախցի հայրենակիցները»,– գրում է Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանի խոսքով` այժմ եկել է երկարաժամկետ ծրագրերի և տնտեսական զարգացման խթանման ժամանակը։
«Արցախի ուժեղացմանը և մարդկանց այնտեղ ապրելուն կարող են նպաստել տնտեսության զարգացումը՝ բնակարանաշինության և քաղաքացիներին օր առաջ տներով ապահովելու աշխատանքներին զուգընթաց»,– նշում է նա։
Նշենք, որ «Ապրելու Արցախ» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի համատեղ ջանքերով։
Հիշեցնենք` 2020թ դեկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մանե Թանդիլյանը նշանակվեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։
ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը դրանից մեկ օր առաջ հայտնել էր, որ այսուհետ ապրելու է Արցախում։
Նշենք, որ Թանդիլյանը ծնունդով Ալավերդի քաղաքից է։ 2018-ի մայիսին՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, նա նշանակվել էր Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, բայց նույն թվականի հունիսին հրաժարական ներկայացրեց։
2018-ի դեկտեմբերին ընտրվեց ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, նախագահեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։
2020-ի օգոստոսին Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով վայր դրեց պատգամավորի մանդատը։