ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից փակված Կապան-Գորիս մայրուղու հատվածների բացման շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Նշենք, որ արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, որի հետևանքով մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը: Լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:
Փարսյանի խոսքով ՝ արդեն նկատելի է Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների և այլ տրանսպորտային միջոցների զգալի կուտակումը։ Սակայն նրանք չեն կարող երթևեկել այլընտրանքային ճանապարհով՝ Տաթևով, քանի որ այն գրունտային է, անհարմարավետ և վտանգավոր բեռնատարների երթևեկության համար:
«Կտրուկ ոլորաններ կան ու ճանապարհն էլ շատ նեղ է»,-ասաց համայնքապետը։
Ինչ վերաբերում է այլընտրանքային միջհամայնքային հին ճանապարհներին, որոնցով հիմա երթևեկում են գյուղացիները, դրանք տարիներ ի վեր չեն օգտագործվել, ուստի շատ վատ վիճակում են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։