ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նման եզրակացության է եկել և այդ մասին գրել Facebook-ի իր էջում։
Նշենք, որ արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը:
Արդյունքում՝ մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Դրա արդյունքում լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:
«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները ՀՀ-ում առաջացրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, խաթարվել է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ»,–ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա նաև նկատել է, որ լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքների, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը: Այսինքն՝ կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը:
«Իմ անմիջական ղեկավարությամբ երեկ ու այսօր փաստահավաք աշխատանքները, ահազանգերի ու իրավիճակի վերլուծությունները ակնհայտ ցույց են տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի 2 հատվածները փակվել են ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով»,–գրել է Թաթոյանը:
Նա նշել է, որ այս արարքները հետևողականորեն հաստատում են իր պնդումները, որ ադրբեջանական զինծառայողների ինքին ներկայությունը ՀՀ գյուղերի մոտ ու Սյունիքում ճանապարհներին խախտում է կյանքի իրավունքը, ազատ տեղաշարժը, սեփականության իրավունքը, բնականոն կյանքը և այլ կենսական իրավունքներ:
«Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները»,–ընդգծել է նա:
ՄԻՊ աշխատակազմի Երևանի կենտրոնական ու Սյունիքի մարզային ստորաբաժանումները ողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Երեկ ու այսօր ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրականացրել են ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անփոխարինելի դեր:
ՄԻՊ աշխատակազմն իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների օբյեկտիվ արդյունքները պարբերաբար ուղարկում են միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։