ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքերի հանգամանքներն են պարզվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչև 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Բացի այդ, վերջինս օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, նրա ներկայության պայմաններում, խոշորացված համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է վերջինիս անունից կայացված բազմաթիվ որոշումներ՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:
Պարզվել է նաև, որ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարը, 2017-2020թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու, ՀՀ–ից բացակայելու պայմաններում, պատրաստել է կեղծ փաստաթղթեր՝ համայնքի ղեկավարի կողմից պատշաճ աշխատանքի ներկայանալու մասին, ինչի արդյունքում որպես աշխատավարձ հաշվարկվել և վերջինիս բանկային քարտին փոխանցվել է զգալի չափի գումար, որը համայնքի ղեկավարը հափշտակել է:
Բացի այդ, համայնքի աշխատակազմի քարտուղարը, 2018թ. հուլիսից մինչև 2020թ. փետրվարի 3-ն ընկած տարբեր ժամանակահատվածներում, համայնքի ղեկավարի կողմից տարբեր պատճառներով աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է պաշտոնեական փաստաթղթեր՝ տվյալ ժամանակահատվածներում համայնքի ղեկավարի կողմից իբր կայացված որոշումներ, որոնք իր ստորագրությամբ և կնիքով վերջինս հաստատել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 3152-րդ հոդվածով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։