ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկի ժամանակ ՀՀ ԿԸՀ էլեկտրոնային համակարգը հաքերային հուժկու հարձակման է ենթարկվել:
Տեղեկությունն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա հանձնաժողով էր հրավիրվել ներկայացնելու արտահերթ ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը:
Մուկուչյանի խոսքով` հարձակումները սկսվել են էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփման պահին և ավարտվել հունիսի 21-ի գիշերը, ժամը 3-ին:
Ըստ ԿԸՀ նախագահի` արտահերթ ընտրությունները կազմակերպվել են երկրի օրենսդրությանը համապատասխան և ԿԸՀ աշխատանքում ձախողումներ չեն եղել՝ չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում, առաջին անգամն էր ԿԸՀ-ն արտահերթ ընտրություններ կազմակերպում:
«Կային մարտահրավերներ կամ ռիսկեր։ Սա նման մարտահրավերներից մեկն էր»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Մուկուչյանի, ԿԸՀ աշխատանքում ձախողումներ չեն եղել։
Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմը հաղթահարեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) և «Հայաստան» դաշինքը (21.04%)։
«Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր 5.23% ձայն, ինչը թեև բավարար չէր ԱԺ–անցնելու համար, բայց, ընդդիմադիր այս ուժը խորհրդարան մտավ իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ հավաքած ուժ։