Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Գորիս–Կապան ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ավտոճանապարհը փակելը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր` առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մեր ծառայողները պետք է զգոն և ուշադիր լինեն. մյուս կողմից, Հայաստանին էլ ամուր նյարդեր են պետք, քանի որ խաղաղության օրակարգը պետք է զարգացվի։
Գորիս-Կապան ճանապարհը փակվել է ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով. ՄԻՊ
Փաշինյանը նշեց` Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր և այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Սակայն Գորիս–Կապան ճանապարհի բացումը, ըստ նրա, տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։
«Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենց քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ դրա նախորդ օրը դանակահարվել է ադրբեջանցի մի սպա։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի միջադեպի հետ, և այս հարցում պատրաստ ենք համատեղ քննության Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ մինչև տարեվերջ Տաթև–Աղվան ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների շինարարությունը նույնպես պետք է ավարտին հասցվի։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության թեմային` Փաշինյանը նշեց, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նա իր խոսքն ամփոփեց ասելով, որ այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետ
Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանն այսօր առավոտյան Sputnik Արմենիային ասել է, որ ճանապարհների բացման բանակցությունները դեռ չեն վերսկսվել։