ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախում ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական արտագնա ընդունարան են կազմակերպել Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում։
Մասնավորապես, Վանք գյուղի շրջանային հիվանդանոցում քաղաքացիների ընդունելության շարժական կետ է տեղակայվել, որտեղ գործում է անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց թեմաներով տեղեկությունների հավաքագրման «թեժ գիծ»:
Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 800 մարդ։ Այդ թվում՝ ավելի քան 400 դիմում ստացվել է «թեժ գծով»։
«Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել Վանք գյուղ առաջին անգամ արտագնա հանրային ընդունարան ուղարկելու մասին, քանի որ շատ քաղաքացիներ հնարավորություն չունեն գալ Ստեփանակերտ, որտեղ տեղակայված է հանրային ընդունարանը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Ասվում է, որ նշված հարցերով օգնության համար կարող են դիմել բոլոր ցանկացողները։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի ռազմական բժիշկները տեղի հիվանդանոցում բժշկական ակցիայի շրջանակներում խորհրդատվական ընդունելություն են անցկացրել և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել Վանք բնակավայրի 150 բնակիչների: Աշխատել են սրտաբանը, ակնաբույժը, քիթ-կոկորդ-ականջաբանը և նյարդաբանը։
«Տեղի բնակչությունը մեծ ուրախությամբ է գալիս խորհրդատվության, քանի որ այս բնակավայրում բժշկական կազմ չկա։ Դիմում են երիտասարդ զույգեր, երիտասարդ կանայք՝ իրենց փոքր երեխաների հետ։ Մանկաբուժական օգնությունն այստեղ ևս բացակայում է», - ասել է ռազմական բժիշկ Մաքսիմ Կարավաևը։
Դիմումներին զուգահեռ մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները բազմազավակ ընտանիքներից և հարկադիր տեղահանվածներից ավելի քան 200 մարդու ապահովել են դեղորայքով, պարենամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, տաք իրերով և մանկական խաղալիքներով՝ շուրջ 5 տոննա ընդհանուր քաշով։