ՌԱԴԻՈ

Պայմանավորվածություն կա՞. վարչապետի ելույթից պարզ էր, որ Գորիս-Կապան ճանապարհը չի բացվելու

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Նիկոլ Փաշինյանի ելույթը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակման հետ կապված և որոշ դիտարկումներ արել։
Sputnik
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ նրա համար ամենևին էլ անսպասելի չէր ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու գործողությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Ու չնայած ճանապարհը բացելու բանակցությունների մասին տեղեկություններ են շրջանառվում, սակայն վարչապետի ելույթից հասկանալի էր, որ այն երբեք էլ չի բացվելու։
Սյունիքի գյուղերին հաց չի հասնում. ՄԻՊ-ը` ադրբեջանցիների փակած ճանապարհի մասին
Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից չմեղադրեց Ադրբեջանին, այլ ասաց, որ դա պարզապես հայ–ռուսական պայմանավորվածություն էր։ Վարչապետը շատ ուղիղ ասաց նաև, որ պետք է մտածել շրջանցիկ ճանապարհների մասին` այդպիսով ստանձնելով թշնամական պետության փաստաբանի դերը։ 
«Նա հայտարարեց, որ Խորհրդային Հայաստանի սահմանով այդ ճանապարհի որոշակի հատված անցնում է Ադրբեջանի տարածքով, այսինքն` բացատրեց, թե ինչու է Ադրբեջանն այդպես արել»,- ասաց Բաղդասարյանը։
Քաղաքագետի կարծիքով` իր այս քայլով ադրբեջանական կողմը փորձում է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացի և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն արագացնելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: Այսօր արդեն հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։