ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ազգային ժողովում քննարկված և իշխող ուժի կողմից ընդունված կառավարության ծրագիրը առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չի պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր: Այս մասին ասվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ հայտարարության մեջ։
«Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ: Ավելին՝ օգոստոսի 25-ին իշխանական խմբի կողմից նախապես ծրագրված ուղղակի խուլիգանական, քրեորեն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ՝ կոնկրետ հարձակվող անձանց դերաբաշխմամբ», - ասվում է հայտարարությունում։
Նշված է, որ ԱԺ-ում կատարվածի կանխարգելման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարումը տեղի է ունեցել դիտավորությամբ ուշացած: Ընդդիմությունը նշում է, որ, ծանոթանալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, արձանագրում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ սույն դեպքում, իշխանական խմբի որևէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկա չէ որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրացում:
«Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», - ասվում է հայտարարության վերջում։
Օգոստոսի 24-ին և 25-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միջադեպեր, քաշքշուկներ ու վեճեր են տեղի ունեցել։
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: Այսօր հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։