Փախել է հոգեբուժական հիվանդանոցից․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Արցախում ձերբակալված զինծառայողի մասին

Համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:
Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն։
Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին սպառնացել է սպանել երեխաներին
Սակայն համացանցում տարածված նրա լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին  զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։
Նշենք, որ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը ներկայումս գտնվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում: Հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով, կատարվում է քննություն:
Միջադեպը Մարտակերտում տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել` սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։
Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել են անկոչ հյուրին։