ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ծնունդով Նիգերիայից Ռիչարդ Օգբունուջուն առաջադրվել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու։ Տեղեկությունը հաղորդում է Նովոստի Գրուզիան:
ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ թեկնածությունը ներկայացրել է «Մեր միացյալ Վրաստանը» ընտրական սուբյեկտը:
Օգբունուջուն 20 տարի առաջ է Վրաստան տեղափոխվել ու երկրի քաղաքացիություն ստացել: Նա աստվածաբան է, ավարտել է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
Պարբերականը հիշեցնում է, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի կունենան 64 քաղաքների ու շրջանների քաղաքապետների ընտրություններ: Քաղաքացիները նաև կընտրեն տեղական ներկայացուցչական մարմիններ՝ սակրեբուլոյի պատգամավորներ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է դարձել քաղաքի գործող ղեկավար Կախա Կալաձեն: Հարցումների համաձայն՝ նրա գլխավոր մրցակիցը Նիկա Մելիան է՝ «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։ Կուսակցությունը հիմնադրել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: