ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի ֊ Sputnik. Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Այս մասին ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։
«Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև պատմական կապերի առնչությամբ՝ կցանկանայի առավել խորացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, թվայնացումը, մշակույթը և այլն», ֊ գրված է Ճապոնիայի նախարարի ուղրեձում։
Նա նշել է, որ հաջորդ տարի կլրանա Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ճապոնիայում հույս են հայտնում, որ ապագայում երկրների երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա։
Նշենք, որ Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել օգոստոսի 19-ին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։