Հայաստանի բնակավայրերի թուրքերեն անվանումներն օգտագործելու Բաքվի կոչը հնաբնակ հայերի շրջանում ոչ միայն քաղաքական բողոք է առաջացնում, այլև նոստալգիկ բնույթի արձագանք:
Բանն այն է, որ նախորդ դարի 60-ական թվականներին Հայաստանում մի շարք գյուղեր (Գյուլուդուզ, Դարաչիչակ, Գյուլագարակ), քաղաքներ (Ախթա) և անգամ շրջաններ (Քամարլու, Բասարգեչար) թուրքերեն անուն ունեին, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում դրա հիման վրա այդ բնակավայրերը ոչ հայկական համարել։ Այդ հիմքով ամերիկյան Georgia նահանգը կարելի էր Վրաստանի մասը համարել, ինչ է թե այնտեղ էլ է Georgia, այստեղ էլ է Georgia... կամ էլ ռուսական ճանաչել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում դեռևս 1876թ․-ին հիմնադրված Սանկտ Պետերբուրգ քաղաքը։
Իսկ նոստալգիան առաջանում է այն պատճառով, որ հայերի մի քանի սերունդ ծնվել, ապրել, այցելել ու անցել է ոչ հայերեն անվանված բնակավայրերի կողքով՝ չմտածելով, որ տարիներ անց Ծաղկաձոր վերանվանված նախկին Դարաչիչակը (որը նույնպես ծաղիկների ձոր է նշանակում, բայց՝ թուրքերեն) կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող գործոն։ Ծիծաղելի է։
Ծաղկաձորի հետ կապված հատկապես ծիծաղելի է, քանի որ մոտ քսան տարի շարունակ ես ամեն շաբաթ-կիրակի գնում էի Ծաղկաձոր, գիտեի այնտեղ ամեն ինչ և բոլորի մասին․սկսած քաղաքի մուտքի մոտ գտնվող վետերոկից մինչև Օլիմպավան տանող անտառային կածանները։
Ի՞նչ կարող էին ինձ պատմել բնիկ ծաղկաձորցիներն ու սպորտային դպրոց-ինտերնատի ավտոբուսի վարորդ, շատ կրթված մարդ, իմ բարեկամ Յուրիկ Ավետիսյանն իրենց մշտական բնակավայրի մասին։
Բայց ամենից առաջ հարկ է հիշեցնել, որ բնակավայրի պատմական անվանումը Կեչառիս է (Կեչիների պուրակ), որը վաղ միջնադարում պատկանել է Վարաժնունի տոհմին, կառավարվել է Արշակունիների կողմից, ապա (6-րդ դարում) անցել է Կամսարանների իշխանական տոհմին, ինչից հետո դարձել է Պահլավունիների առաջնորդ Գրիգոր Մագիստրոսի սեփականությունը։
Եվ միայն շատ-շա՜տ հետո՝ հարյուրամյակներ անց, ավանն անցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության Հրազդանի շրջկոմի իրավասության տակ, որի վերջին ղեկավարն առաջին քարտուղար Հայկ Սարգսի Քոթանջյանն էր, որն այժմ բանակի պահուստային գեներալ է։
Յուրիկ Ավետիսյանը, որը չեռնոբիլյան դժվարագույն ամիսներին իր տանիքի տակ ապաստան էր տվել Ուկրաինայից եկած մի ընտանիքի, կարող էր ասել, որ Ծաղկաձորում ծնված մեծ ֆիզիոլոգ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Լևոն Օրբելու մտքով մի տեսակ չէր անցնի, որ փաստաթղթերում նրա ծննդավայրը պետք էր նշել որպես «գյուղ Դարաչիչակ, Ադրբեջանական ԽՍՀ»։
Ինչպես և Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ծնունդով Վարդենիսից Վիկտոր Համբարձումյանի մտքով չէր անցնի, որ Իլհամ Ալիևը կհրամայի այն անվանել միայն ու միայն Բասարգեչար։
Ինչո՞ւ էր, օրինակ, խորհրդային տարիներին Արտաշատը կոչվում Քամարլու, Հրազդանի շրջանը՝ Ախթա, իսկ Վարդենիսը՝ Բասարգեչար։ Որովհետև, մասնավորապես, պատերազմից հետո այդ շրջանների բնակչության զգալի մասը իսկապես կազմում էին ադրբեջանցիները։ Իսկ այդպես էր ստացվել, քանի որ ծնելիության մակարդակով ադրբեջանցի ընտանիքները զգալիորեն գերազանցում էին հայ ընտանիքներին։
1944թ․-ի հուլիսին ԽՍՀՄ-ում հայտնվեց «Հերոսուհի-մայր» պատվավոր կոչումը, և եթե նայենք պարգևատրվածների ցուցակը, ադրբեջանական անուններն անվերջանալի էին, մինչդեռ հայկականները մատների վրա կարելի էր հաշվել։
Դժվար չէ կռահել, որ ցանկացած ազգի գոյատևման գրավականն ընտանիքներում երեխաների թիվն է։ Եթե ընտանիքում երեխաներ չկան, կամ ընդամենը մեկ-երկու երեխա է՝ ուրեմն հարևան ժողովուրդներն արագ առաջ կանցնեն և, հնարավոր է, գրավեն ձեր տեղը։
Հայաստանում ադրբեջանցիները մեծ ընտանիքիներ ունեին։ Հայերը՝ հակառակը։ «Պաշտոնական ժողովրդագրությունը վկայում է, որ մեր բնական աճը նկատելիորեն դանդաղում է»,- Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Արա Գալոյանը:
Ըստ հաստատված կարգի՝ առավելապես ադրբեջանցիներով բնակեցված շրջանի առաջին դեմքի պաշտոնում, որպես կանոն, ադրբեջանցի էր նշանակվում։ Նույն կերպ էին վարվում նաև հարևան հանրապետությունում, բայց դա ոչինչ չէր նշանակում, բացի ազգային հարցի լուծումից՝ խորհրդային ինտերնացիոնալիզմի տրամաբանությամբ։
Եթե այլ կերպ լիներ, ապա Զագաթալին, Շեմախը, Շաքին և Ադրբեջանի մյուս քաղաքները, որտեղ ադրբեջանցիները փոքրամասնություն էին կազմում, էլ չասած Բաքվի գլխավոր հայկական թաղամասի՝ Արմենիքենդի մասին, կարելի էր հայկական հայտարարել։
«Որպեսզի ավելի հասկանալի լինի`«Արմենիքենդի» պատմությունը սկսվել է 1923թ.-ից, երբ Բաքվի հյուսիսային ծայրամասում իշխանությունները հիմնեցին Ստեփան Շահումյանի անվան բանվորական ավանը,-բացատրում են տեղեկատուները,-այստեղ աշխատանքի համար վերաբնակեցրին շուրջ հարյուր հազար հայ Արցախից: Քանի որ Շահումյան ավանի բնակիչները հիմնականում հայեր էին, ապա քաղաքաբնակներն այդ շրջանը անվանում էին Արմենիքենդ՝ «հայկական քաղաք»։
Ավելացնենք 20-րդ դարասկզբի ցարական մարդահամարի տվյալները․այդ ժամանակ ռուսները Բաքվում կազմում էին 35,5%, ադրբեջանցիները՝ 21,4%, հայերը միայն մի փոքր էին զիջում ադրբեջանցիներին՝ 20,1%, էլ չենք խոսում հրեաների, վրացիների, օսերի և մյուսների մասին։ Եթե չասենք՝ «առոք-փառոք ապրում էին» Ադրբեջանի մայրաքաղաքում, ապա հաստատ համերաշխ էին ապրում։
Նշանակում է, ինչպես ժամանակին ինձ բացատրում էր Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ջուլիետտա Ստեփանյանը՝ պետք է ապրել փղերի սկզբունքով, որոնք երբեք հարաբերություններ չեն պարզում, միմյանց չեն կոխրտում, այդ պատճառով էլ երկար են ապրում։