ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է: Facebook–ի իր էջում նման դիրքորոշում է հայտնել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից»,–գրել է Թաթոյանը:
Նա նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաև մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն):
«Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի և իրավունքների համար է»,–գրել է ՀՀ ՄԻՊ–ը:
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։